Ավտոլուրեր

Ինչպե՞ս անցկացնել տեխնիկական զննությունը և խուսափել հետագա խնդիրներից

Ինչպե՞ս անցկացնել տեխնիկական զննությունը և խուսափել հետագա խնդիրներից


Ներկայումս տեխզննման իրականացման գործընթացը մեկնաբանվում է տարբեր կերպ, ուստի շատ վարորդներ հստակ տեղեկացված չեն, թե ինչպես է պետք այն իրականացնել։


Ստորև հարց ու պատասխանի ձևաչափով կներկայացնենք տեխնիկական զննության անցկացման ամբողջ գործընթացը։

 

Հիշեցում․ սեղմեք ընդգծված բառերի վրա՝ հոդվածը կամ պատկերը տեսնելու համար։

 

Հարց․ Պարտադիր է արդյո՞ք տեխնիկական զննությունը։

 

Պատասխան․ Այո, ՀՀ օրենսդրությամբ (ՀՕ-166-Ն հոդված 15 կետ 1) շահագործվող տրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր տեխնիկական զննության։

 

Հարց․ Որտեղի՞ց պետք է ձեռք բերել տեխնիկական զննության կտրոնը։

 

Պատասխան։ Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնը հնարավոր է ձեռք բերել երկու եղանակով (ՀՀ կառ. 2011թ. մարտի 11-ի N 350 -Ն որոշում)՝

 

1. ՀՀ բանկերից,

2. www.e-payments.am պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։

 

 Հարց․ Տեխնիկական զննության կտրոն ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր է ներկայացվում բանկերին`

 

1. Տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը,

2. Գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը:

  

Հարց․ Տեխնիկական զննության կտրոն ստանալու համար սպասարկող բանկերում ի՞նչ վճարումներ են կատարվում`

 

Պատասխան․

 

1․ բնապահպանական վճար (CO), որը չափը կարող եք ստուգել հետևյալ հղումով։

2․ տեխնիկական զննության անցկացման համար նախատեսված ծառայության վճար․

2․1 թեթև մարդատար - 5500 դրամ,

2․2 միկրոավտոբուս - 7500 դրամ,

2․3 ավտոբուս - 10 500 դրամ,

2․4 բեռնատար (մինչև 3,5 տոննա զանգվածով) - 7500 դրամ,

2.5 բեռնատար (3.5 տոննայից ավել զանգվածով) - 10 500 դրամ,

2․6 կցորդներ և կիսակցորդներ - 3500 դրամ,

2․7 մոտոցիկլետներ և մոպեդներ - 3500 դրամ,

3․ պետական տուրք (տեխզննման կտրոնի արժեք) - 2500 դրամ:

 

 

Հարց ․ Հնարավո՞ր է բանկերում վճարել տրանսպորտային միջոցի գույքահարկը։

 

Պատասխան։ Այո,  ներկայումս  գույքահարկի  վճարումը  բանկերում,  ինչպես  նաև  

www.e-payments.am և www.idram.am կայքերի միջոցով հնարավոր է միայն Երևան քաղաքում հաշվառված տրանսպորտային միջոցի համար։

 

Ծանուցում․ Սահմանված վճարումներն իրականացնելուց հետո սպասարկող բանկի կողմից լրացվում և տիրապետողին է տրամադրվում տեխնիկական զննության կտրոն, որի դիմային մասի քառակուսի վանդակում փակցվում է հաջորդ տեխնիկական զննության ամիսը նշող` հռոմեական թվերով նշված հերթական համարը:

 

 

Հարց․ Բանկերի կողմից տեխնիկական զննության կտրոն ստանալուց հետո պարտադի՞ր է գնալ տեխնիկական զննության կայան։

 

Պատասխան․ Այո, բանկերի կողմից տրված կտրոնի 2-րդ հատվածը պետք է ներկայացնել տեխնիկական զննության կայան՝ տեխնիկական զննություն անցկացնելու համար (ՀՀ կառ. 2011թ. մարտի 11-ի N 350 -Ն որոշում)։

 

Ծանուցում․ Ներկայումս հանրապետությունում գործում է 42 տեխզննման կայան, որից 18-ը Երևան քաղաքում։ 

 

 

Հարց․ Տեխզննման կայանում այլ վճարներ նախատեսվա՞ծ են։

 

Պատասխան․ Ոչ, բանկերի կողմից տրամադրված կտրոնի 2-րդ հատվածը հավաստում է բանկերում Ձեր վճարում կատարելը։

 

Ծանուցում․ Տեխնիկական զննության կայաններում ստուգվում է տրանսպորտային միջոցը, որի արդյունքի հիման վրա, ձևակերպվում է տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության արատորոշման N 1 ձևի քարտը, որը մեկ օրինակից կնքվում և տրամադրվում է վարորդին։ Տեխնիկական զննության արդյունքում տեխնիկական զննության կայանները համակարգչի միջոցով կատարում են տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների հաշվառում, որի տվյալները տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունից անմիջապես հետո կայանների համակարգչային ցանցի միջոցով փոխանցվում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության սերվերին, որից օգտվում է նաև ճանապարհային ոստիկանությունը։ 

 

 

Հարց․ Ի՞նչ վարչական պատասխանատվություն է նախատեսված տեխնիկական զննություն չանցկացնելու համար։

 

Պատասխան․  Ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով` 20 000 դրամ (Վարչ․ իրավ․ վեր․ ՀՀ օրենսգիրք հոդված 1234 կետ 2):

 

Ծանուցում․ Տեխնիկական զննության կտրոն պետք է փակցվի տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու ներքևի աջ անկյունում (Վարչ․ իրավ․ վեր․ ՀՀ օրենսգիրք հոդված 1234 կետ 2)։ Այլ տեղում փակցնելու դեպքում սահմանված է 5 000 դրամ տուգանք։

 

 

Հարց․ Վթարի դեպքում ապահովագրական ընկերությունը կարո՞ղ է հետադարձ պահանջ ներկայացնել վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ։

 

Պատասխան․ Այո, եթե ավտոտրանսպորտային միջոցը վնասի պատճառման պահի դրությամբ չի անցել տեխնիկական զննություն, և պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը կարող էր բացահայտվել տեխնիկական զննություն անցնելու դեպքում, ապա այդ դեպքում ապահովագրական ընկերությունը կարող է ներկայացնել հետադարձ պահանջ։



Թեմային առնչվող հարցեր կարող եք թողնել մեկնաբանությունում, մենք կփորձենք տալ սպառիչ պատասխան։


Top